«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

«Բոլորին դեմ եմ». սա քաղաքական անարխիզմի հռետորաբանություն է

«Բոլորին դեմ եմ». սա քաղաքական անարխիզմի հռետորաբանություն է
18.01.2026 | 14:30

«Բոլորին դեմ եմ» նախաձեռնությունը առաջին հայացքից թվում է համակարգի դեմ ուղղված ռադիկալ, բայց արդարացի քայլ։ Ավելի խորքային դիտարկման դեպքում այն առաջացնում է լուրջ քաղաքագիտական, քաղաքական և ինստիտուցիոնալ հարցեր։

1․ «Հներին, նորերին՝ բոլորին դեմ եմ»

Քաղաքականության հիմքում ընտրությունն է, ոչ թե համընդհանուր մերժումը։ Երբ շարժման կարգախոսը հայտարարում է, որ այն միաժամանակ դեմ է հներին և նորերին, առաջանում է հիմնարար հարց՝ ինչպե՞ս կարելի է նորերին դեմ լինել, եթե նոր քաղաքական սերնդի մուտքն է համակարգային փակուղուց դուրս գալու հիմնական ճանապարհը։

Այս մոտեցումը փաստացի մերժում է էլիտաների ռոտացիայի գաղափարը, որը ժողովրդավարության առանցքային տարրերից է։ Եթե բոլորը վատն են՝ անկախ ծրագրից, կենսագրությունից և գաղափարախոսությունից, ապա քաղաքական մրցակցությունը վերածվում է ժխտման և լեգալացնում աբսենտիզմը։ Սա քաղաքական անարխիզմի հռետորաբանություն է, որտեղ մերժվում է ոչ թե կոնկրետ իշխանությունը, այլ քաղաքական էլիտայի գոյությունն ընդհանրապես։

2․ 1% անցողիկ շեմ

Այո, շեմի իջեցումը տեսականորեն մեծացնում է ներկայացուցչությունը։ Բայց քաղաքական համակարգերը գնահատվում են ոչ միայն ներկայացուցչությամբ, այլև կառավարելիությամբ։ 1% շեմը գործնականում նշանակում է՝ խիստ ֆրագմենտացված խորհրդարան, մարգինալ, մեկ թեմայի շուրջ ձևավորված ուժերի մուտք ԱԺ, կայուն կոալիցիաների անհնարինություն և անկայունություն։

Հայաստանի պես անվտանգային բարձր ռիսկ ունեցող երկրում ակնհայտ է, թե ինչի է բերելու ձգձգվող անկայունությունը։ Իսկ ներկայիս 4% շեմը, բոլոր թերություններով հանդերձ, համարվում է միջազգային պրակտիկայում ընդունելի կոմպրոմիս ներկայացուցչության և կառավարելիության միջև։

3․ «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկ

Տեսականորեն «բոլորին դեմ եմ» տարբերակը կարող է լինել քաղաքացիական բողոքի ինստիտուցիոնալ ձև։ Սակայն ներկայիս իրավական դաշտում այն նախատեսված չէ, և առանց սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունների այդ ձայները պարզապես փոշիանալու են, քանի որ այդ փոփոխության մերժման դեպքում «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն է մասնակցելու, որն էլ արդեն կարելի է որակել հերթական՝ ձայները փոշիացնող կուսակցություն։

Իսկ առաջարկվող «դատարկ մանդատների» գաղափարը՝ «բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի (ոչ կուսակցության տեսքով), քաղաքականապես հետաքրքիր է, սակայն, ինչպես արդեն ասացի, այդ քվեաթերթիկը օրենսդրությամբ նախատեսված չէ և մեծ հավանականությամբ չի էլ ընդունվի իրենց նախագծով։

4․ Չմասնակցող 50%-ը «բոլորին դեմ» չէ, ինչպես պնդում են նախաձեռնողները

Քաղաքական հոգեբանության տեսանկյունից ընտրություններին չմասնակցողները միատարր խումբ չեն։ Դրանք հիմնականում բաժանվում են՝

• անտարբերների,

• հիասթափվածների, որոնք չեն հավատում, որ իրենց ձայնը ինչ-որ բան փոխում է,

• և միայն երրորդ հերթին՝ սկզբունքորեն «բոլորին դեմ» քաղաքացիների։

Բայց նույնիսկ այս խմբի ներսում կան՝

• մշտապես մերժողներ,

• և նրանք, ովքեր կոնկրետ ընտրություններին չեն գտել իրենց քաղաքական ներկայացուցիչը։

Ուստի չմասնակցողներին ավտոմատ կերպով «բոլորին դեմ» վերագրելը քաղաքականապես սխալ է, ինչը և արել են շարժման անդամները։

5․ 100-օրյա կառավարություն և ինքնալուծարում

Ինչպես արդեն նշեցինք, ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը 99%-ով մերժվելու է։ Սակայն այս կուսակցությունը այդ դեպքում հավակնում է ստանալ 15–20% ձայն և չվերցնել մանդատներն ու ինքնալուծարվել, ինչը քաղաքական տեսանկյունից խիստ անիրատեսական է։ Նույնիսկ, եթե շարժումը հաղթահարի շեմը, ապա հետագայում բոլոր մանդատները վայր դնելը քաղաքական պրակտիկայում բազմիցս ապացուցել է իր անիրատեսական լինելը (Գեղամ Նազարյանի նախադեպը բավարար է հիշելու համար)։

Անկախ մտադրություններից, նման շարժման առկայությունը ընտրողի մոտ խրախուսում է ոչ թե ծրագրերի համեմատություն, այլ ընդհանուր մերժում՝ առանց մասնակիցներին և նրանց ծրագրերին ծանոթանալու։ Սա հատկապես վտանգավոր է ընդդիմադիր դաշտի համար, որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է։

«Բոլորին դեմ եմ»-ը ոչ այնքան համակարգի փոփոխության ծրագիր է, որքան քաղաքական դժգոհության սիմվոլիկ արտահայտություն։ Բայց սիմվոլներով իշխանափոխություն չես անի։ Իսկ համակարգը պետք է բարեփոխել քաղաքական մրցակցության խորացմամբ, ոչ թե դրա համընդհանուր մերժմամբ։

Այսպիսով, եթե այս ուժը չլիներ, նրա ընտրազանգվածը պարզապես կմիանար չմասնակցողներին կամ, որ ավելի լավ է, կընտրեր ընդդիմադիրներից մեկին։ Իսկ ընտրապայքարում դրա ներկայությունը օբյեկտիվորեն փոշիացնում է ընդդիմադիր ձայները՝ անկախ նրանից՝ դա ծրագրված է, թե ոչ։ Ուստի վերոշարադրյալի հիման վրա նրա առկայությունը որակում եմ անիմաստ։

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 144

Մեկնաբանություններ